19.10.2013|
00:09
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը շարունակում է մնալ ներքաղաքական բանավեճի կարևորագույն առարկաներից մեկը: Սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միայն չտեղեկացված կամ գործընթացների տրամաբանությանը ոչ այնքան լավ ծանոթ գործիչների համար կարող էր «պարզ երկնքում ամպրոպի» արդյունք ունենալ, քանզի ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը, ունենալով անվտանգության չլուծված խնդիրներ, Արևմուտքի հետ կսերտացնի հարաբերություններն այնքանով, որքանով չի հակասի ռուսական տարածաշրջանային շահերին: Հուզականությունն ու սպասումները դնելով մի կողմ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն և հնարավորություն ունի նոր որակի հարաբերություններ կառուցելու ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի հետ: